Վրույրը երկրում
31.01.2020 | 11:55
«Մարդը և Տարածությունը, Մարդը և Ժամանակը - թերևս սա է նկարչի ստեղծագործության հիմնական և անփոխարինելի թեման»։
Էլեն ԳԱՅՖԵՃՅԱՆ
ՄԱԿԸՆԹԱՑՈՒԹՅԱՆ ԱՋ ԹԵՎՈՒՄ
Նախորդ դարի 60-ականների հայ կերպարվեստի մակընթացությունը, ինչպես հիմնավորեց ժամանակը, դարակազմիկ երևույթ էր։
Աշոտ Հովհաննիսյանի, Հովհաննես Մինասյանի, Հրաչյա Հակոբյանի, Մինաս Ավետիսյանի և Էդուարդ Արծրունյանի, Մարտին Պետրոսյանի և մյուսների ներկայությամբ երկիրն էր հերկում զարմանահրաշ գեղարվեստական կոհորտան։ Աջ թևում Վրույր Գալստյանն էր իր վրձին-գութանն առաջ տանում։ Նա հանրահայտ էր իր անունով` Վրույր։ Դեռ հեռվից որոշակիանում էր քաղաքային միջավայրում։ Երկու կամ երեք անգամ եմ նրան տեսել, աշնանային անձրևախառն օրերին։ Կարծում էի ատոմագետ-գիտնական է կամ էլ Նարեկացու մատյանի ուսումնասիրմամբ զբաղվող գրականագետ։ Մի անգամ էլ ինձ թվաց, որ նա խորհրդավորության քողով պատած կոմպոզիտոր Ավետ Տերտերյանն է։ Պատահմամբ տեղեկացա, որ նշանավոր Վրույրն է, ազգային գեղանկարչության կոփածո դեմքերից մեկը։
Վրույր Գալստյանը Երևանի բնակիչ էր։ Ծնվել է մայրաքաղաքում` 1924-ին։ 1947-ին գործերը հանձնում է հանրապետության նշանավոր հաստատության` Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի նախապատրաստական բաժին։ Սակայն նշանավոր նկարիչ և փայլուն մանկավարժ Վահրամ Գայֆեճյանի առաջարկով նրան ընդունում են ուսումնարանի երկրորդ կուրս։ Ոտն ի գլուխ կրթյալ մտավորական տիար Վահրամը տակավին պատանի Վրույրի մեջ նկատեց նկարչական անուրանալի շնորհը։ 1947 թվականն էր, դասընկերների հետ նա պատրաստվում է իր դիպլոմի պաշտպանությանը։ Բայց պաշտպանության նախօրեին դաժան նյարդային հիվանդությունը նրան մեկուսացնում է աշխարհից և կերպարվեստից։ Տասներկու տարի անց միայն ապաքինված Վրույր Գալստյանը պաշտպանեց իր դիպլոմը և ուսումը շարունակեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում, Էդուարդ Իսաբեկյանի լսարանում։ Նկարիչը մահկանացուն կնքեց ոչ երիտասարդ տարիքում։ Նա 72 տարեկան էր, ստեղծագործող անհատի համար վերելքի, նոր շրջափուլ թևակոխելու տարիք է սա։ Սակայն չէ՞ որ 12 տարի նա լռել էր։
Վրույր Գալստյանի ձեռագիրն ու լեզուն լիովին անշփոթելի են։ «Նատյուրմորտը շշերի հետ» կերտել է 1964-ին, ինստիտուտի ավարտական տարում։ Ի դեպ, Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելիս, 40 տարեկանում, 1968-ին անդամագրվում է ԽՍՀՄ նկարիչների միությանը։ Արդեն 44 տարեկանում։ Բայց ահա և հասավ պահը, երբ պետք է դիմեմ կերպարվեստի ոլորտի արհեստավարժ տեսաբաններից մեկին` Էլեն Գայֆեճյանին, նրա օգնությամբ արվեստասեր ընթերցողի համար տեսանելի դարձնելով Վրույրի աշխարհը։
ՑՈՒՑԱՍՐԱՀՈՒՄ` ԱՐՎԵՍՏԱԲԱՆԻ ՈՒՂԵԿՑՈՒԹՅԱՄԲ
Եվ ահա մենք Վրույր Գալստյանի ցուցահանդեսում ենք, որտեղ ներկայացված են վարպետի տաղանդաշաղախ ստեղծագործությունները, մեր ուղեկից-լուսաբանողն էլ «Վրույր Գալստյանի գեղանկարչությունը» պատկերագրքի հեղինակ Էլեն Գայֆեճյանն է։ «1960-ականներին Վրույրի գեղանկարչության բովանդակությունը կյանքի իմաստի հայտնաբերման հարցն էր, մարդու դերի և նշանակության հարցն աշխարհում։ Սա է վկայում Հայաստանի մեծ պոետներ Սայաթ-Նովայի և Եղիշե Չարենցի և, հատկապես, գրական գործող անձանց` Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի կերպարների նկարչի մեկնությունը։ Մի կտավից դեպի մյուսը տարագրվելով, նրանք Վրույրի կողմից դիտարկվում են մերթ այս, մերթ այն, երբեմն էլ երրորդ դիրքում։ Սակայն հիմնականում (սա ակնհայտ է նկարների գունա-գեղակերպային բնութագրումներում) նկարիչը Սերվանտեսի հերոսներին տեսնում է հակադրության մեջ. մեկին` ուղղված դեպի աստղերը, մյուսին` հողին ամուր կպած»։
Մենք կանգնած ենք 1968-ին վրձնած «Դոն Կիխոտ» գեղանկարի առջև։ Սանչոն երկրորդ պլանում է, նրա գլուխը կարծես հողագունդն է, նա երկնքի հետ առնչվում է պարզհոգի շինականի պես, երկնքից անձրև է թափվում, ձյուն է գալիս, որը պարարտացնում է մեր դաշտն ու արոտը, երբեմն էլ կայծակն է զարկում, հողմն է ավերում ողջ տարվա բերքը։ Դոն Կիխոտի գլուխը տաճարակերպ է, դեպի վերև է ձգված, իսկ հայացքում աշխարհի վերաիմաստավորման, փրկության համոզմունքն է։ Սանչոյի հայացքում վշտալից տառապանք կա և անհույս տագնապ։ «Վաղը ի՞նչ է ինձ սպասում այս կիսացնորված ասպետի հետ» նկարից մեզ նայելով հարցնում է նա։ Ստեղծագործության ներքնահատվածում, գլուխը հակած դեպի վահանակերպ շրջանակը, ճերմակ մի կենդանի է կանգնած, անհայտ է, Դոն Կիխոտի նժու՞յգն է, թե՞ Սանչո Պանսայի ավանակը։ Այս տարաշխարհիկ արարածը գլուխը կախ վար է իջնում։ Գուցե թե տիար Վրույրը ակնարկում է թե՛ ասպետի, թե՛ շինականի երազանքների անկումը։ Իսկ վահանակերպ շրջանակի վրա նկարչի ստորագրությունն է և տարեթիվը։ Դժվար չէ կռահել, որ հեղինակը կնքում-վավերացնում է իր հերոսների աշխարհիկ և հոգևոր բերկրանքն ու տառապանքը` սեփական ներաշխարհում պարբերաբար բռնկվող ու մարող բերկրանքի և տառապանքի ալեկոծման տիրույթներում։
Վերստին լսենք արվեստաբանին. «1960-70-ականների սահմանագիծը անսպասելի փոխեց Վրույրի գեղանկարչության բովանդակությունը։ Նկարչի ստեղծագործության հիմնական թեմաները` Մարդը և Տարածությունը, Մարդը և Ժամանակը, անփոփոխ են։ Սակայն կյանքի գիտակցման և մարդու նշանակության նախասահմանման հարցերի համառ և լարված փնտրտուքը կարծես թե Վրույրին հասցրին ավետյաց երկիր։
Բարիք-Չարիք, Լույս-Ստվեր, Ճերմակ և Սև։ Կամ ինչպես Ժողովողի մոտ է ասված` ծնվելու ժամանակը և մեռնելու ժամանակը, գտնելու և կորցնելու ժամանակը, սիրելու և ատելու ժամանակը, կործանելու և կառուցելու ժամանակը...»։
Նա կարծես նկարելիս քանդակում է, կամ էլ, հաճախ միաժամանակ, ճարտարապետական ինչ-որ շինություն է նախագծում։ Այլաբանությունը, խորհուրդը խորին և պատվիրանները մոռացության նրա շատ գործերում են երևում։
Արժե՞ վերջաբանից առաջ մի անգամ էլ ունկնդրել Էլեն Գայֆեճյանին։ Կարծում եմ` այո. «Ի տարբերություն հին հայկական գեղանկարչության և Մարտիրոս Սարյանի կտավների, Վրույրի ստեղծագործություններում մաքուր լոկալ գույնը ամբողջովին «մետաֆիզիկական» է»։
Չարենցի դիմանկարներում (երկուսն էլ կատարված 1964-ին) բանաստեղծը մի դեպքում ցնցված է աշխարհի (իմա` Երկիր Նաիրիի) գլխին հեղեղված արհավիրքներից, մյուս դեպքում նա իր ժամանակի վայրիվերումներն է ասես չափագրում, ժամանակ, որ լի էր պետական ապարատի սանձազերծած վայրագ բռնադատումներով և գրական միջավայրի քինոտ դավերով։
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Վրույրի «Սայաթ-Նովա» (1964) գործը վստահաբար պետք է որմնանկարել հենց Սայաթ-Նովա փողոցում, տեսանելի մի հատվածում։ Միաժամանակ անհրաժեշտ է նրա ստեղծագործությունների մասին բարձրարժեք մի ֆիլմ նկարել և ներկայացնել գեղարվեստասեր համաշխարհային հանրակցությանը` ցուցադրելով «ԽցսՖՑցՐՈ» և «Մեցցո» հեռուստաընկերությունների եթերում։ Սակայն ո՞վ կնախաձեռնի նշյալ նվիրական սխրանքը, անհայտ է առայժմ։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ